Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: 2016-ին միլիարդատեր Թրամփի ընտրությունը քաղաքական ու քաղաքակրթական շոկ էր և ԱՄՆ-ի, և աշխարհի համար: ՈՒղղակի քվեարկությամբ ամերիկացիների մեծամասնությունն ընտրել էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, բայց ամերիկյան ընտրական համակարգն այնպիսին է, որ ընտրիչները հաղթանակը տվեցին հանրապետական Դոնալդ Թրամփին: Նախագահության 4 տարիներին նա հասցրեց խզել միջազգային միջուկային անվտանգությանը վերաբերող պայմանագրերը, առևտրական ու քաղաքական պատերազմների մեջ մտավ Չինաստանի ու ԵՄ-ի հետ: Եվ՝ անգամ ՆԱՏՕ-ի: Բայց՝ բոլոր դեպքերում մնաց կողմնակից դեֆակտո քաղաքականության, իմա՝ գոյություն ունեցող փաստերը ճանաչելու, որը և արեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով:
Համադրելով այս և բազում այլ փաստեր նրա քառամյա նախագահությունից, հիմք ընդունելով ընտրարշավում հայտարարությունները, փաստը, որ Վաշինգտոնում հրադադարի պայմանավորվածությունը Բաքուն, այսինքն՝ Անկարան, խախտեց, տեղին էին սպասումները, որ մինչև նոյեմբերի 3-ը Դոնալդ Թրամփը կարող է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, առավել ևս որ ինքն էր հիշատակել Կոսովոյի օրինակը: Չարեց, ինչպես 4 տարի 1915-ի ցեղասպանությունը չանվանեց գենոցիդ: Տեսականում նա այդ հնարավորությունն ունի՝ ով էլ այսօր ընտրվի նախագահ, պաշտոնավարումը սկսելու է 2021-ի հունվարի 22-ին: Այսինքն՝ թե ամերիկահայերը, թե մենք ունենք Թրամփի վրա ճնշում գործադրելու ժամանակ՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ ճանաչելու Արցախը, վերջ դնելու կոնֆլիկտին ու պատերազմին: Նվազագույնը՝ պատժամիջոցներ սահմանելու Թուրքիայի դեմ ու զենքի էմբարգո՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ՝ իբրև ահաբեկչություն հովանավորող ու տարածող երկրներ:
Նույն հիմնավորումով պատժամիջոցներ կարող է սահմանել ՄԱԿ-ի ԱԽ-ն:
Նաև՝ Ռուսաստանը: Եթե ՌԴ-ն արգելի իր քաղաքացիներին տարեմուտին Անթալիայի լողափերին հանգստանալ, Էրդողանի համար ծանր հարված կլինի, ինչպես պոմիդորի «պատերազմում» էր: Տնտեսական հարվածները ավելի ազդեցիկ են, քան քաղաքական սպառնալիքները: Ռուսներին պետք է նաև Ադրբեջանից խլել ԵՄ-ին մատակարարվող գազի 5 տոկոսը, որ Բաքուն Գազպրոմից է խլել: ԵՄ-ն էլ պետք է հասկանա, որ 5 տոկոսով էներգետիկ դիվերսիֆիկացում չի լինում ու չի նվազեցնում ռուսական գազից կախումը, փոխարենը ֆինանսավորում է ահաբեկչությունը՝ նավթադոլարները դառնում են մոջահեդների, միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբերի վճար:
Իսրայելն էլ պիտի հասկանա, որ Ադրբեջանին վաճառված զենքն ուղղվելու է իր դեմ՝ Ադրբեջանի գլխավոր շտաբ արդեն չկա: Բաքվում թուրքական կառավարում է, որը վկայում է Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը պատերազմի սկզբին, երբ համարձակվել էր ասել՝ այսօր մեր զենքն ենք թուրքերին տալիս, վաղը կանանց ենք տալու:
Թուրքիայի էքսպանսիայի հաջորդ հասցեն Արևմուտքում լինելու են Հունաստանը, Կիպրոսը, Բալկանները, Արևելքում՝ Սիրիան, Լիբիան, Լիբանանը, Եմենը, Իրաքը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան, և իհարկե՝ Իրանը: Հավելենք Միջին Ասիան՝ թյուրքալեզու պետություններով: ՈՒ կապ չունի՝ ինչ հարաբերություններ ունեն այդ երկրներն իրար հետ, կապ ունի, որ Էրդողանն իրեն երևակայում է մուսուլմանների պաշտպան, խալիֆ, այսինքն՝ հոգևոր առաջնորդ։ ՈՒ դա մոջահեդների՝ ԻՊ-ի խալիֆաթի աշխարհիկ տարբերակն է, եթե հընթացս Թուրքիան աշխարհիկ պետությունից չվերածվի կրոնապետության: ՈՒ այս ամենը չեն կարող չհասկանալ Թրամփը, Պուտինը, Մակրոնը, Սի Ցզինպինը, որ իրեն համարում է չինական պարսպով Թուրքիայից անջատված:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե աշխարհն արդեն 5-րդ սերնդի պատերազմներ է վարում, 5-րդ սերնդի պիտի լինի և քաղաքականությունը՝ գլոբալ, ոչ թե կետային: